Կենսագրություն

Հրաչ Վաչիկի Մուրադյանը (ծնված 10-ը նոյեմբերի 1983թ․) ազգությամբ հայ հաղորդավար, պրոդյուսեր, դերասան և հանրային գործիչ է։ Մուրադյանը հայտնի է որպես աշխարհահռչակ «Ձայնը» / «The Voice» նախագծի Հայաստանյան մրցույթի առաջին եթերաշրջանի հաղորդավար, ինչպես նաև թոք-շոու ժանրի առաջին հայկական «Բաց նախագիծ» և հայկական հեռուստատեսության ամենավարկանիշային «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի հաղորդավար։


Հրաչ Մուրադյանը ծնվել է հայկական ավանդական ընտանիքում, սովորել է Երևանում։ Որպես հաղորդավար առաջին քայլերը կատարել է 14 տարեկանում՝ միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանության բաժին։ Ինստիտուտում սովորելու տարիներին նա արդեն վարում էր ժամանցային «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը, ինչպես նաև «Հայ FM» ռադիոկայանի հաղորդավարն էր։ Նա իր տաղանդի ու հաղորդավարական հմտությունների շնորհիվ հայտնվեց մի շարք հեռուստա և ռադիո նախագծերում, որոնցից են «16» Արմենակոբ Հ/Ը, «Ի դեպ» ԱՐ Հ/Ը, «Դարի գիշերը» Դար 21 Հ/Ը։ Ունեցել է հեղինակային նախագծեր «Դինամիտ ՖՄ» և «Ռադիո Ավրորա» ռադիոկայանների եթերում։ Հաղորդավարությանը զուգահեռ Մուրադյանը նաև զբաղվել է մի շարք նախագծերի պրոդյուսերությամբ կամ համապրոդյուսերությամբ։ Այդ նախագծերից են՝ «Սեքսը փոքր քաղաքում», «Վեցերորդ զգայարան», «Սոված խաղեր», «Աբելի քույրը», «Բյուրո № 6» հեռուստանախագծերը /АTV Հ/Ը/։


Ուսանողական տարիներին Մուրադյանն արդեն հայտնի հաղորդավար էր և նրան հրավիրեցին վարելու առաջին հայկական թոք-շոուն՝ «Բաց նախագիծ»-ը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։
2010թ-ին Մուրադյանը նոր էջ բացեց հայկական հեռուստաիրականության մեջ։ Նա ստանձնեց «Կիսաբաց լուսամուտեր» թոք-շոուի հաղորդավարի ու պրոդյուսերի պաշտոնը։ Նախագիծը կարճ ժամանակում մեծ հնչեղություն ձեռք բերեց և արժանացավ հոգեբանների, իրավաբանների, բժիշկների, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, բարեգործների ու հասարակ մարդկանց լայն արձագանքին։ «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն հնարավորություն տվեց սոցիալապես անապահով ընտանիքներին ներկայացնել իրենց իրական պատմություններն ու բարձրաձայնել խնդիրները, որոնք լուծում էին ստանում փորձագետների և աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բարերարների շնորհիվ։ «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի ազդեցությունն այնքան մեծ էր Հրաչ Մուրադյանի ներաշխարհի ու մարդկային զգայարանների վրա, որ վերջինս որոշեց վերադառնալ ուսմանն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ստացավ հոգեբանի որակավորում։

 

«Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի գուրծունեությանը զուգահեռ Մուրադյանը հիմնեց համանուն հիմնադրամ, որի շնորհիվ, 11 տարիների միջինացված հաշվարկով, 500-ից ավել մարդ բուժվել կամ ստացել է բժշկական անհրաժեշտ օգնություն, ավելի քան 2100 մարդ ստացել է հոգեբանական աջակցություն, 2500 մարդ օգտվել է իրավաբանական անվճար ծառայություններից, 80 մարդ ստացել է մշտական կամ ժամանակավոր կացարան, տրամադրվել է ավելի քան 500 տոննա սնունդ և 9 միլիոն կտոր հագուստ։ GFK միջազգային ընկերության հետազոտության և հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուն ամենավարկանիշայինն է հայկական ցանցերում 11 տարի անընդմեջ։


2014թ-ին Մուրադյանին հրավիրեցին վարելու համաշխարհային «Ձայնը»/ «The Voice» նախագծի հայկական՝ «Հայաստանի ձայնը» նախագծի նկարահանումների առաջին եթերաշրջանը, ինչն ավելի մեծացրեց և միջազգայնացրեց նրա հայտնիությունը։
2021թ-ին հեռուստաեթերում հայտնվեց Հրաչ Մուրադյանի նոր՝ «Բաց սրտով» նախագիծը՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակիցներին։
Մուրադյանը պարբերաբար պարգևատրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից՝ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը վարելու և պրոդյուսերության համար։ Հարկ է նշել նաև, որ հայ ժողովրդի բարեկեցությանն ուղղված քայլերի և մեծ ներդրումի համար Մուրադյանը ճանաչվել է մարդասեր ու արժանացել պարգևների այնպիսի անհատների և կառույցների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Ներկայացուցչական Պալատը, կոնգրեսմեն Ադամ Շիֆը, Գլենդելի համայնքապետ Արա Նաջարյանը և ոստիկանության դեպարտամենտի Գլենդելի ոստիկանության ոստիկանապետ Ռոբերտ Մ․Կաստրոն։


Հրաչ Մուրադյանն այսօր հանրային մեծ ճանաչում վայելող գործիչ է՝ հայտնի իր կատարած մարդասիրական ու բարեգործական մեծ աշխատանքով։
Համաձայն համահայկական հանրային հարցումների՝ աշխարհի հայերի 82%-ը ճանաչում են Մուրադյանին որպես հաղորդավար և հանրային գործիչ։ Վերջինս մտադիր է շարունակել կյանք տալ նոր նախագծերի, որոնք ուղղված կլինեն ապագա հայ սերունդների ինքնարտահայտմանը, կրթությանն ու ամուր նպատակների կառուցմանը։

Comments are closed.